Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել:
Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել է 463 կգ արդյունք (210+253 կգ): Աշխարհի կրկնակի փոխչեմպիոնը նվաճել է նաև 2 փոքր ոսկե մեդալ և Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը:
Սա հայ ծանրորդների վարկանիշային վերջին մրցաշարն էր Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով՝ Վարազդատ Լալայան, Անդրանիկ Կարապետյան և Գարիկ Կարապետյան: Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Մարտի 8-ին ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանն արծաթե մեդալ էր նվաճել, ինչի շնորհիվ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր էր ստացել։
«Փարիզ-2024» ամառային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն 2024-ի հուլիսի 27-ին։ Մարզիկները կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում: Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում (մարաթոն), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում: