Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Առաջին ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:
Խոսելով չեմպիոնության մասին՝ Մխիթարյանը նշել է, որ շատ ուրախ է այդ նվաճման համար։ «Միշտ էլ հավատը, նպատակը եղել է, ճիշտ է մի քիչ երկար սպասեցի այս հաղթանակին, բայց այն շատ արժեքավոր է, սպասված, ուրախ եմ այս նվաճմանս համար»,- ասել է ֆուտբոլիստը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարին ևս բարեհաջող կլինի այս առումով։
35-ամյա հայ ֆուտբոլիստ նշել է, որ այդ տարիքում դժվար է ֆուտբոլիստի համար հատկապես վերականգնման փուլը, բայց ինքը ձգտում է ճիշտ հանգստանալ, ճիշտ սնվել, մարզվել և պատրաստ լինել ամեն խաղի։
Անդրադառնալով հարցին, թե որքան է խաղալու, Մխիթարյանը նշել է, որ «Ինտերի» հետ մինչև 2026թ․ գործող պայմանագիր ունի, դրանից հետո կմտածի՝ արդյոք արժե՞ ևս մեկ-երկու տարի մնալ թիմում:
Մխիթարյանն ասել է, ր հայերն ու իտալացիները նման են մենթալիտետով, ուստի իրեն հոգեհարազատ է թե՛ ակումբը, թե՛ երկիրը։
Նա նշել է, որ ժամանակի սղության պատճառով քիչ է հետևում Հայաստանի առաջնությանը։ Մխիթարյանը հայտնել է, որ միշտ երկրպագում է «Փյունիկին», քանի որ այդ ակումբի սան է հանդիսացել, այնտեղից է սկսվել իր կարիերան։ Նա նաև նշել է, որ մինչ այժմ իր նախկին հայ խաղընկերները խորհուրդներ են հարցնում, ինքն էլ փորձում է օգտակար լինել, ուղղություն ցույց տալ։
Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում հռչակվել է Իտալիայի չեմպիոն։ Մխիթարյանը «Ռոմայից» «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Սեպտեմբերին նա ընդգրկվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում: 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրն «Ինտերի» հետ: Ֆուտբոլիստի հետ ակումբի պայմանագրի ժամկետը կլրանա 2026 թվականի հունիսի 30-ին։