Ստամբուլում մայիսի 9-ին մեկնարկած մրցաշարում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, Հայաստանը ներակայացնող ըմբիշ Գևորգ Թադևոսյանը հաղթանակով է մեկնարկել, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Նա հաղթել է իտալացի մրցակցին։
Մայիսի 8-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել էր, որ վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ։ Օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ): Ստամբուլի մրցաշարը կանցկացվի մայիսի 9-12-ը։
Մրցաշարին 93 երկրի ավելի քան 510 ըմբիշ է հայտավորվել: Վարկանիշային մրցաշարում կխաղարկվի Օլիմպիական 54 ուղեգիր՝ յուրաքանչյուր քաշային կարգում 3-ական: Ստուգատեսի ավարտից հետո հայտնի կդառնան Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բոլոր 288 մասնակից ըմբիշները:
Հայ ըմբիշներից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշներն ապրիլին չեն մասնակցել Բաքվի մայրցամաքային մրցաշարին։