Թաիլանդում Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարի մրցումային առաջին օրը՝ մայիսի 24-ին, Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեկնարկել է հաղթանակով, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ բռնցքամարտիկը վստահ` 5։0 հաշվով հաղթել է հույն Կրիստիոս Կարաիտիսին և պայքարը կշարունակի 1/32 եզրափակչում։ Ֆեդերացիան հայտնում է, որ Մադոյանը բոլոր ռաունդներում ունեցել է առավելություն։
Մադոյանի մենամարտը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը, ով նույնպես հանդես կգա այս մրցաշարում։
Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարը կանցկացվի մինչև հունիսի 6-ը։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ), իսկ տղամարդկանց թիմում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+)։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայ բռնցքամարտիկները դեռևս ՕԽ ուղեգիր չեն նվաճել: Հայ ըմբիշներից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: