Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իռլանդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանն ամենաբարձր մակարդակով հանդիպումների քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Сhampionat.com-ը։
Ռոնալդուն գերազանցել է Բրազիլիայի հավաքականի և «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիին, որը մինչ այս ռեկորդակիր էր՝ բարձր մակարդակով 1225 խաղի ցուցանիշով։ Իռլանդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը Ռոնալդուն իր 1226-րդ բարձր մակարդակով խաղն է անցկացրել։
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հայտնել է, որ Ռոնալդուն Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Սաուդյան Արաբիայի առաջնություններում 698 հանդիպման է մասնակցել: Ռոնալդուն ևս 101 խաղ է անցկացրել՝ հանդես գալով այդ երկրների գավաթային մրցաշարերում և Սուպերգավաթի խաղերում: Հարձակվողը 220 խաղ է անցկացրել միջազգային ակումբային մրցաշարերում և 207 հանդիպում՝ Պորտուգալիայի հավաքականում: