Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակչում Հայաստանի չորս ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար։
45 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը 8:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիժատ Իսկանդարլիին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուս մարզիկ Ասլանբեկ Կոստոևի հետ։
Եզրափակիչ է դուրս եկել նաև Յուրիկ Մխիթարյանը (51 կգ)՝ 8:0 հաշվով առավելության հասնելով ռումինացի ըմբիշ Լուիս Վլադի նկատմամբ։ Եզրափակչում Մխիթարյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովը։
60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը ևս եզրափակչում է։ Կիսաեզրափակչում նա 14։9 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վադիմ Մատրոսին։ Եզրափակչում Մարգարյանն ուժերը կչափի ադրբեջանցի Այխան Ջավադովի հետ։
110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանը ոսկե մեդալը կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկու հետ։ Կիսաեզրափակչում Կիրակոսյանը հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիս Լազարովին։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Խաչատրյանը (48 կգ), Նարեկ Գրիգորյանը (65 կգ) և Արթուր Ամոյանը (71 կգ):