Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իսպանական ակումբ իր մուտքի շնորհանդեսի մասին ու հայտարարել, որ իրականանում է իր մանկության երազանքը, գրում է Сhampionat.com-ը։
Միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 16-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Մադրիդիստներ, դա անմոռանալի օր էր իմ և իմ ընտանիքի համար։ Ես իրականացնում եմ իմ մանկության երազանքը: Շնորհակալություն վերաբերմունքի և սիրո համար: Շատ ուրախ եմ և հպարտ «Ռեալի» մեծ ընտանիքի մի մասը լինելու համար։ Ցանկանում եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում։ Առաջ, Մադրիդ»,- գրել է Մբապեն X սոցիալական ցանցում:
Մբապեն հուլիսի 16-ին պայմանագիր էր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ ու պաշտոնապես դարձել ակումբի ֆուտբոլիստ։
Հունիսի 4-ին «Ռեալը» հայտարարել էր Մբապեի տեղափոխության մասին։ Հունիսի 17-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ֆրանսիա-Ավստրիա խաղի վերջնամասում Մբապեն կոտրել էր քիթը։ Ֆուտբոլիստին հաջողվել էր խուսափել վիրահատությունից՝ հատուկ դիմակ կրելու պայմանով։