Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Նախարարության տեղեկացմամբ՝ մրցանակն ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ բացառիկ բարձր մակարդակով անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը փոխել է Հայաստանի սպորտային իմիջը:
«Հայաստանն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցող երկիր էր, իսկ այսօր արդեն՝ նմանօրինակ առաջնություններ կազմակերպող: Միայն այս առաջնությանը տարբեր հարթակներով հետևել է մի քանի միլիոն մարդ: Միջազգային ֆեդերացիայի նախագահն առաջնությունից հետո հայտարարել էր, որ Հայաստանը նոր նշաձող է սահմանել ծանրամարտի աշխարհում, և նաև դրա շնորհիվ է ՀՀ-ին վստահվել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Գիլոյանը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում սպասվելիք մարզական միջոցառումները և վստահեցրել, որ դրանք ևս անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:
Երևանում 2023թ. ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցել էր եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվել էր մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում, ընդհանուր առմամբ, նվաճել էին 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:
«Տարվա իմիջային փիառ» մրցանակը շնորհվում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են երկրի հանրահռչակմանը, պետության միջազգային վարկանիշի բարելավմանը: