Ֆրանսիացի ոստիկաններին ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ արգելել են մաստակ ծամել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարությանը։
Նախարարը ճեպազրույցի ժամանակ նշել է հանրապետության իմիջի մասին հոգալու անհրաժեշտության մասին։
«Ո՛չ մի մաստակ։ Չենք նայում բջջային հեռախոսներին, ողջունում ենք մարդկանց և ցանկացած պարագայում հանգիստ ենք մնում։ Մի՛ ամաչեք լինել քաղաքավարի և ժպտալ: Մեզ հետևելու է ամբողջ աշխարհը»,- ընդգծել է նախարարը։
Խաղերի անվտանգությունն ապահովելու համար օրական միջին հաշվով կներգրավվի շուրջ 35 հազար ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև 18 հազար զինվոր:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Հուլիսի 12-ին The New York Times-ը գրել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի իշխանությունները շուրջ 5000 անօթևան ներգաղթյալի են դուրս բերել Փարիզից՝ առաջիկա ամառային Օլիմպիական խաղերի հետ կապված։