21-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մեկնաբանել է իր՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը:
«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ ես ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն և հպարտությամբ ներկայացնելու եմ Հայաստանը Cincinnati Open-ում։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալ իմ նախնիների հայրենիքի համար: Շնորհակալություն բոլորին ձեր շարունակական աջակցության համար»,- գրել է նա Facebook-ում։
Օգոստոսի 5-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհու մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի:
Համաշխարհային թարմացված վարկանիշում Ավանեսյանը, որը գտնվում է 58-րդ հորիզոնականում, նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Ավանեսյանը WTA-ի մակարդակով մենախաղում տիտղոսներ չունի։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն արդյունքը 2023 և 2024 թվականներին Ֆրանսիայի բաց առաջնությունում «Ռոլան Գարոսի» ⅛ եզրափակիչ դուրս գալն էր: