Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կամային հաղթանակ է տարել աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի նկատմամբ և դուրս եկել Cincinnati Open-ի 3-րդ շրջան, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Իր կարիերայի ընթացքում սա Ավանեսյանի վեցերորդ հաղթանակն է լավագույն 15 թենիսիստների նկատմամբ։ Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի Լյուդմիլա Սամսոնովա-Մագդա Լինետե զույգի հաղթողը։
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 3,211,715 դոլար։
Օգոստոսի 14-ին Ավանեսյանը դուրս էր եկել մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով աշխարհի 166-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկուին:
Օգոստոսի 5-ին կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհու մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի: Թարմացված համաշխարհային վարկանիշում Ավանեսյանը նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Նրա պրոֆիլում հայտնվել է հայկական դրոշ և ARM տարբերանշանը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալը՝ նշելով, որ «շատ ուրախ է, որ այսուհետ խաղալու է հայրենիքի համար»։ Օգոստոսի 8-ին թենիսիստուհին Հայաստանի անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը: