Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի մինչև 10 տարեկանների պատանիների արագ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվել է օգոստոսի 17-20-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Մրցաշարին մասնակցել է Հայաստանի 19 ներկայացուցիչ:
Օգոստոսի 18-ին Ալեքս Սահակյանը դարձել էր Եվրոպայի արագ շախմատի մինչև 18 տարեկանների առաջնության չեմպիոն: Սոֆյա Բաղրամյանն օգոստոսի 19-ին բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 8 տարեկան աղջիկների առաջնությունում: