Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն Մարատ Աճեմյանը Հորդանանում ընթացող աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Շահիդ Նաբիևին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
45 կգ քաշային Աճեմյանը մրցակցին հաղթել է 9:0 հաշվով։ Եզրափակչի ուղեգիրը նա կվիճարկի Ուզբեկստանի ներկայացուցիչ Քարամովի հետ։
Աճեմյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի Ահմադ Բադրադդինիին։
Առաջնությունը տեղի է ունենում օգոստոսի 19-25-ն Ամմանում։ Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ։ Մրցումային առաջին օրը Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դուրս էին եկել կիսաեզրափակիչ, սակայն պարտվել էին իրենց մրցակիցներին։ Մխիթարյանն ու Գրիգորյանը կպայքարեն բրոնզի համար։
Աճեմյանը հունիսին դարձել էր Սերբիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։