Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը Հորդանանում ավարտված Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ավանեսյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:
Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար պայքարել են նաև 45 կգ քաշային Մհեր Հակոբյանն ու 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, սակայն զիջել են մրցակիցներին:
Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն օգոստոսի 21-ին արժանացել էր 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):
Մրցաշարն անցկացվել է օգոստոսի 19-25-ը, Հայաստանը ներկայացրել է 10 ըմբիշ։