Հայ շախմատիստներ Տիգրան Համբարձումյանը և Բենիկ Աղասարովը վաստակել են համապատասխանաբար 5 և 4,5 միավոր և Եվրոպայի երիտասարդական առաջնության 5-րդ տուրի արդյունքներով իրենց տարիքային խմբերում դարձել են առաջատար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և մինչև 12 տարեկան պատանիների խմբի միանձնյա առաջատարն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչև 18 տարեկան տղաների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանն ունեն 4-ական միավոր, իսկ մինչև 14 տարեկան աղջիկների խմբում նույնքան միավոր ունի Սոնա Կրկյաշարյանը։
Օգոստոսի 28-ին կմեկնարկի առաջնության վեցերորդ տուրը։ Մրցաշարը տեղի է ունենում օգոստոսի 22-31-ը՝ Պրահայում, անցկացվում է ինը խաղափուլով։
Օգոստոսի սկզբին Չեխիայի մայրաքաղաքում տեղի էր ունեցել արագ շախմատի և կայծակնային շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնող Սոֆյա Բաղրամյանն ու Սոնա Կրկյաշարյանը կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն էին դարձել։ Հայաստանի հավաքականը դարձել էր նաև արագ շախմատի մինչև 10 տարեկան տղաների Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։