Հայ շախմատիստ Արսեն Դավթյանը նվաճել է շախմատի մինչև 18 տարեկան պատանիների Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Դավթյանն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Օգոտսոսի 31-ին տեղեկացրել էինք, որ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի մինչև 12 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, Բենիկ Ագասարովը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։
Առաջնությունն անցկացվում էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ օգոստոսի 22-31-ը։ Օգոստոսի 25-ին 5 հայ շախմատիստ հաղթել էր 3 խաղափուլերում և իրենց տարիքային խմբերում առաջատարի դիրք ստանձնել։ 3-ական միավոր էին վաստակել Ագասարովը (մինչև 16 տարեկան), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան), Համբարձումյանը (մինչև 12 տարեկան), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան):