Հունահռոմեական ոճի ըմբիշներ Յուրիկ Հովեյանը (63 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) դուրս են եկել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հովեյանը 1/8 եզրափակչում 11:1 հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Բաղդատ Սաբազին։ Կիսաեզրափակչում նա կմրցի ամերիկացի Օտտո Բլեքի հետ։
Հարությունյանը կիսաեզրափակիչ է հասել 1:1 հաշվով ուկրաինացի Արթուր Բոյչուկին հաղթելուց հետո։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ասիայի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, իրանցի Աբոլֆազլ Ֆաթիթազանգին։
Առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում։