Սեպտեմբերի 2-ին Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկած ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Գասպար Տերտերյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել են մրցակիցներին ու դուրս եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Տերտերյանը 6։1 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Ֆրից Ռեբերիի նկատմամբ, Տեր-Մաթևոսյանը 8։0 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Պրինց Պրինցին։
Ավելի ուշ 97 կգ քաշային Արտակ Գեղամյանը հաղթել է մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, վրացի Սաբա Պուրչելաձեին և ստացել քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք:
Տեր-Մաթևոսյանի մրցակիցը 1/4-ում կլինի Եվրոպայի մինչև 23 տարեկանների գործող չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի Մ20 տարեկանների գործող չեմպիոն, թուրք Ալպերեն Բերբերը։