ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ն անցկացված 2024 թվականի Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները։
Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում՝ 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Սմբատ Կարապետյանը սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը:
Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100 մ մրցավազքում, հավելել են ԿԳՄՍՆ-ից։
Սեպտեմբերի 7-ին պարածանրորդ Գրետա Վարդանյանը գրավել էր 6-րդ հորիզոնականը և անձնական երեք ռեկորդ սահմանել: Նա բարձրացրել էր 104 կգ և 108 կգ կշռող ծանրաձողերը, ապա ուժերի գերլարումով կատարել 114 կգ քաշով մոտեցումը։
Պարալիմպիկ խաղերում 4400 պարալիմպիկ աթլետ մրցել է 20 մարզաձևում. 11 մրցութային օրերի ընթացքում նրանք պայքարել են մեդալների 549 հավաքածուի համար։