Բուդապեշտում անցկացվող շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ֆիլիպինների հավաքականին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայ շախմատիստներն առավելության են հասել 2,5:1,5 հաշվով։ Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ֆեդերացիայի տվյալներով՝ Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով զիջել է Հնդկաստանի թիմին, որն օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1,5:2,5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2,5:1,5):
Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2,5:1,5):
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։