Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը հայտարարել է ակումբը վաճառելու մտադրության մասին: Նրա հայտարարության տեսանյութը ֆուտբոլային ակումբը հրապարակել է Facebook-ի էջում:
Իր որոշման գլխավոր պատճառը նա համարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող հետապնդումը:
«Երկար մտածեցի և որոշեցի վաճառքի հանել «Փյունիկը» և հեռանալ հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ Գլխավոր և միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կողմից հետապնդումն է, որն արդեն դուրս է մասնագիտական էթիկայի և բանականության սահմաններից։ Այդ հետապնդումը վերածվել է անձնական դիմակայության, ինչը մեծապես վնասում է և՛ թիմին, և՛ երկրպագուներին, և՛ ակադեմիային ու, ամենակարևորը, հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Սողոմոնյանի խոսքով՝ ավելի քան երկու տարի ինքն ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էին «ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների վայրագության, ագրեսիայի և ոչ կոմպետենտության դեմ»:
Նա հավելել է, որ ՀՖՖ քաղաքականության պատճառով վերջին 4 տարում բարձրագույն խմբի 5 ակումբներում 6 խոշոր ներդրողներ հեռացել են հայկական ֆուտբոլից՝ «հայտարարելով ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարության հետ աշխատելու անհնարինության մասին»։ Սողոմոնյանը նշել է, որ նման եզրակացության է եկել նաև ինքը:
«Դա ինձ համար շատ ցավոտ, բայց կշռադատված որոշում է, քանի որ ես իսկապես իմաստ չեմ տեսնում շարունակել աշխատել նման անառողջ մթնոլորտում։ Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր հետաքրքրված կլինեն շարունակելու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փառահեղ պատմությունը, որը վերջին տարիներին ոչ միայն բարձր արդյունքների է հասել, այլև լայն ճանաչում է ձեռք բերել Հայաստանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է ակումբի սեփականատերը:
Նա հնարավոր է համարել վերադարձը ֆուտբոլ՝ ֆեդերացիայի ղեկավարության փոփոխության պայմանով։
«Պատրաստ կլինեմ վերադառնալ ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը և գան մարդիկ, ովքեր իսկապես հետաքրքրված են Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ»,- ասել է նա:
Սողոմոնյանը հավելել է, որ շարունակելու է ներդրումներ կատարել ակումբին կից մանկապատանեկան ակադեմիայի զարգացման և Հայաստանում սպորտի զարգացման գործում:
«Ցանկանում եմ հանգստացնել «Փյունիկ» ֆուտբոլային ակադեմիայի սաներին և նրանց ծնողներին։ Ես կշարունակեմ ներդրումներ կատարել մանկապատանեկան ակադեմիայի զարգացման գործում։ Ես չեմ հեռանում հայկական սպորտից և շարունակելու եմ իմ ներդրումները, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար»,- մանրամասնել է նա։
Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել «Փյունիկի» թիմին և երկրպագուներին ու հայտնել, որ անցած 7 տարիների ընթացքում թիմին հաջողվել է պատմական արդյունքներ գրանցել:
«Հպարտ եմ, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ կոչվող այս մեծ ու համերաշխ ընտանիքի մասն եմ կազմել»,- եզրափակել է նա:
Սողոմոնյանը 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Armenia Today-ին մեկնաբանել էր ակումբի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները ու հերքել դրանք։