Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2021 և 2023 թթ․), եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան։ Գասպարյանն այս մասին հայտնել է տեսաուղերձի միջոցով։
Նա շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել, որ միշտ սպորտի կողքին է լինելու։
«Ինչքան էլ ինձ համար դժվար է, որոշել եմ ավարտել սպորտային կարիերան։ Բոլոր մարզիկների համար էլ դժվար է այս պահը, բոլորն էլ իրենց տեսնում են օլիմպիական գագաթնակետին։ Իմ մոտ չստացվեց վնասվածքի պատճառով, բայց իմ ապրումները, նպատակը կապված են եղել սպորտի հետ։ Ես ինձ տեսնում եմ սպորտի կողքին։ Իմ կյանքն է սպորտ»,- ասել է մարզիկը։
Գասպարյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծնկների վնասվածքներն են:
«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է»,- նշել է նա: