Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Պեկինի թենիսի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է ամերիկուհի Էմինա Բեկթասին:
Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե և ավարտվել 6:2, 7:5 հաշվով: Հաջորդ խաղում Ավանեսյանը կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ:
Պեկինի մրցաշարը կանցկացվի մինչև հոկտեմբերի 2-ը:
Սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
Օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։