Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Պեկինում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քերոլայն Դոլեհիդեին և դուրս եկել երրորդ փուլ, հայտնում է մրցաշարի կայքը։
Ավանեսյանը Դոլեհիդեին հաղթել է 6։3, 5։7 և 6։2 հաշվով։ Հայ թենիսիստուհին երկու կրկնակի սխալ է թույլ տվել և 12 բրեյք-փոինթից իրացրել ութը։ Հանդիպումը տևել է 2 ժամ, 5 րոպե։
Երրորդ տուրում Ավանեսյանի մրցակիցը կլինի ուկրաինացի թենիսիստուհի Յուլիա Ստարոդուբցևան։ Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը:
Մրցաշարի առաջին շրջանում Ավանեսյանը 6։2, 7։5 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցիչ Էմինա Բեկթասին։
Սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
Օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։