Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դրոմ-Ադրեշ հայկական «Հոմենեթմեն» և Վալենսիայի «Բիրյուզա» ֆուտբոլային ակումբների խաղի ընթացքում թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա և ծեծել ու մարմնական վնասվածքներ հասցրել նրանց, գրում է Nouvelles d’Arménie-ն։
Ըստ աղբյուրի՝ «Հոմենեթմենի» մի քանի խաղացող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք: Zartonk Media-ն հավելել է, որ երկու հայ ֆուտբոլիստ հոսպիտալացվել է, նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Խաղացողներն ու ղեկավարները բողոքներ են ներկայացրել ոստիկանական բաժանմունք։
Պարբերականը տեղեկացրել է, որ նախնական ցուցմունքների համաձայն՝ «Բիրյուզայի» թե՛ ֆուտբոլիստների, թե՛ երկրպագուների կողմից հնչել են նաև ռասիստական և հակահայկական կոչեր։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայկական թիմը հաղթում էր 2:0 հաշվով, ոստիկանությունը դադարեցրել է հանդիպումը, հավելել է Nouvelles d’Arménie-ն։
Հայ Դատի հանձնախումբը լուսանկար է հրապարակել, որտեղ «Բիրյուզայի» ֆուտբոլիստները գորշ գայլերի նշանով են։
«Վաղուց ժամանակն է վերջ տալ այս ֆաշիստական կազմակերպությանը»,- հավելել է հանձնախումբը։