Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մինչև հոկտեմբերի 10-ը հետաձգել է Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ խաղի արդյունքը բողոքարկած հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի գործով որոշումը, գրել է ArmLur-ը՝ հղում անելով մարզիկի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին։
Ալեքսանյանը կայքին հայտնել է, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար, Լոզանի դատարանը երկու կողմերին բացատրություններ տալու համար մինչև սեպտեմբերի 19-ը ժամանակ էր տվել։
Օգոստոսի 7-ին Արթուր Ալեքսանյանը դարձել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Եզրափակչում նա 1։4 հաշվով պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամմադ Հադի Սարավիին։ Օգոստոսի 9-ին Հայաստանի սպորտի նախարարությունը հրապարակել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը Ալեքսանյանի եզրափակիչ խաղի արդյունքի վերաբերյալ։ Հայաստանը նախ դիմել էր ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, սակայն կազմակերպությունը պատասխան նամակով Սարավիին հաղթող ճանաչելու մրցավարների որոշումը ճիշտ էր անվանել։ Դրանից հետո մարզիկը դիմել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բողոքարկման հանձնաժողովին։