FAF (First Armenian Front) ֆան ակումբի ներկայացուցիչները Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո հավաքվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
FAF-ի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ երկրպագուները տեղյակ էին խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին պաշտոնանկ անելու որոշման մասին՝ անկախ դրա արդյունքներից։ Նրանք ՀՖՖ ղեկավարից պարզաբանում են պահանջել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլում տիրող իրավիճակի, Ֆուտբոլի ակադեմիայում, ինչպես նաև ՀՖՖ ղեկավարի` մամուլի հետ շփվելուց հրաժարվելու վերաբերյալ։
«Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք, որ մեր ֆուտբոլում դրական փոփոխություններ լինեն, բայց, ցավոք, դա չենք տեսել։ Մեզ շատ են մեղադրում, բայց, կարծում էինք, որ պետք է ժամանակ տալ ՀՖՖ նախագահին, որ ֆեդերացիան մեկ, երկու, երեք անգամ սխալվելու իրավունք ունի։ Բայց եկել ենք մի իրավիճակի, երբ ՀՖՖ նախագահը նույնիսկ հարկ չի համարում գալ, հանդիպել մեզ հետ և հարցերը պարզաբանել։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ ՀՖՖ ղեկավարը պետք է հեռանա»,- ասել է նա։
Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականի դեկտեմբերին նա վերընտրվել էր ՀՖՖ ղեկավարի պաշտոնում՝ մինչև 2026 թվականը։
Հոկտեմբերի 13-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Ալեքսանդր Պետրակովն ազատվել էր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։ 67-ամյա ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում տարել է 4 հաղթանակ, 4 անգամ ոչ-ոքի խաղացել և 10 պարտություն կրել։