Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի հարց չի քննարկվում, «Ազատությանը» հայտնել են ֆեդերացիայից։
Ֆեդերացիայի նախագահի հրաժարականը պահանջել էր Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը։
Ֆեդերացիայից հավելել են, որ ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո մարզչի թեկնածուների հարցն է քննարկվում։
«Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»,- նշել են ՀՖՖ-ից։
Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականի դեկտեմբերին նա վերընտրվել էր ՀՖՖ ղեկավարի պաշտոնում՝ մինչև 2026 թվականը։
Հոկտեմբերի 13-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Պետրակովն ազատվել էր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։ 67-ամյա ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում տարել է 4 հաղթանակ, 4 անգամ ոչ-ոքի խաղացել և 10 պարտություն կրել։