Աշխարհի 48-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում, տեղեկացնում է WTA tennis-ը։
Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցել է աշխարհի 65-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էշլին Կրյուգերի հետ և առավելության հասել 7:6 (7:1), 6:3 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ, 31 րոպե։
Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի և ճապոնացի Սառա Սաիտոյի դիմակայության հաղթողը։
Սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
Օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։