Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Եզրափակիչ են անցել Էլիդա Քոչարյանը (60 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ)։
Քոչարյանը կիսաեզրափակչում մրցել է լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու հաղթել 5:0 հաշվով: Ոսկե մեդալն Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթել էր վրացի Լանա Բոլկվաձեին։
Ֆեդերացիան նշում է, որ Եվրոպայի գործող չեմպիոն Ասլիկյանը համառ պայքարում պարտության է մատնել թուրք Մեհմետ Չինարին։ Գարբոյանը հաղթել է իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին, Սահակյանը՝ անգլիացի Ջեք Դրիդենիին, իսկ Հակոբկոխյանը՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովին:
Մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 12-20-ը՝ Սոֆիայում։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 17 բռնցքամարտիկ։