Հոկտեմբերի 26-ին Երևանում կանցկացվի «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ երեկոն տեղի է ունենալու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում։ Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչի մենամարտ` ռումինացի Ֆիլիպ Կրիստիանի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը։
WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Գասիևը ՀՀ քաղաքացիություն էր ստացել 2023թ․ փետրվարին։ Բռնցքամարտիկը հաստատել էր ապագայում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորությունը։ 2023թ․ մարտի 3-ին Գասիևը Երևանում հաղթել էր ամերիկացի Մայք Բալոգունին։