Հայ ըմբիշներ Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) դուրս են եկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Խաչատրյանը կիսաեզրափակչում 9:0 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Գեորգիոս Բարբանոսին։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի վրացի Գեորգի Չխիկվաձեն։ Խաչատրյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր իրանցի Սեյեդ Սոհրաբիին։
Խլոյանը 3։3 հաշվով հաղթել է մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուհամեդ Մուրթազալիևին։ Հայ ըմբիշը ոսկե մեդալի համար կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Խասլախանովի հետ։ Խլոյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցչին:
Եզրափակիչները կկայանան վաղը։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)։
Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։