Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) դարձել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ ըմբիշը 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Չխիկվաձեին։ Խաչատրյանը կիսաեզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Գեորգիոս Բարբանոսին։
Առաջնությունում երկու հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալների համար։ Կիսաեզրափակչում Արման Վարդանյանը (63 կգ) պարտվել է Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Էրեմենկոյին, իսկ Ալբերտ Վարդանյանը (130 կգ)՝ ռուս Դմիտրի Բաբորիկոյին։
Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։