Հոկտեմբերի 26-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ մարզիկները հաղթել են մրցակիցներին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգոբերաշվիլիի նկատմամբ:
Դավիթ Չալոյանը 2-րդ ռաունդում հաղթանակ է տարել Պակիստանի ներկայացուցիչ Թեյմուր Խանի նկատմամբ, որը մինչ այդ որևէ պարտություն չէր ունեցել: Չալոյանը դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։
Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ 6-րդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել Բազեյանին։
Գլխավոր մենամարտում ուժերը չափել են Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Գասիևը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել:
Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը, որը, սակայն, զիջել է Ղրղզստանի ներկայացուցչին:
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր մրցաշարի անցկացման մասին։
WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Գասիևը ՀՀ քաղաքացիություն էր ստացել 2023թ․ փետրվարին։ Բռնցքամարտիկը հաստատել էր ապագայում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորությունը։ 2023թ․ մարտի 3-ին Գասիևը Երևանում հաղթել էր ամերիկացի Մայք Բալոգունին։