Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Կրասնոդար»-«Օրենբուրգ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Sportbox-ը։
Սպերցյանը հանդիպման 79-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ տուգանայինից ուղիղ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպումը կայացել է նոյեմբերի 3-ին՝ Կրասնոդարում և ավարտվել 4։0 հաշվով՝ հօգուտ «Կրասնոդարի»։
Սպերցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի օգոստոսին Սպերցյանը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հուլիսին Սպերցյանը խոսել էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ իր փոխգործակցության մասին և նշել, որ Մխիթարյանը նրան տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար։