Տարբեր տրամաչափի մասնագետներ ենք դիտարկում, ինչպես հայտնի մարզիչներ, նախկին ֆուտբոլիստներ, այնպես էլ ոչ հայտնի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ պատասխանելով ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մասին հարցին։
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ թեկնածուների մասին է խոսքը՝ նշելով, որ դա կարող է վնասել բանակցությունների գործընթացին։
«Պրոցեսը գնում է, և մենք տեսնում ենք, որ կարող ենք ավելի լավ թեկնածուներ դիտարկել, քան այս պահին տեսնում ենք և բավական լավ գործընթաց ունենք։ Եթե վերջնական որոշում լիներ, համաձայնության գայինք, արդեն նշանակած կլինեինք, բայց կան թեկնածուներ, որոնց հետ բանակցությունները շարունակվում են»,- ասել է ՀՖՖ նախագահը։
Մելիքբեկյանը հավելել է, որ առաջիկա երկու խաղին Հայաստանի հավաքականը կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի ներկայացուցիչներ՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ։
«Այս երկու խաղը կվստահենք այդ մասնագետներին, որից հետո կնշանակվի մարզիչ»,- նշել է նա։
Անդրադառնալով ՀՖՖ-ի գործունեության նկատմամբ քննադատություններին՝ Մելիքբեկյանը նշել է, որ քննադատողները չեն տեսնում ֆեդերացիայի աշխատանքները և մանիպուլացնում են։
Նա Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի ներկա վիճակի համար պատասխանատու է համարել նաև ակումբներին։
FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆան ակումբի ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում 0:2 հաշվով Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որին հաջորդել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը, պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարցը չի քննարկվում։ Հոկտեմբերի 21-ին Մելիքբեկյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հոկտեմբերի 31-ին ՀՖՖ-ի ղեկավարի հրաժարականի երկրպագուների պահանջին միացել էին «Ուրարտու», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները։