Հայաստանի ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու Զինվորականների աշխարհի ռազմական առաջնությանը, հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ օրեր առաջ իրենց, առանց պատճառների մասին հայտնելու, տեղեկացրել են, որ չեն կարող մասնակցել առաջնությանը:
«Ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու են նման որոշման առջև կանգնել։ Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»,- ընդգծել է Հարությունյանը:
Ըմբիշը նշել է, որ Հայաստանի թիմը վերջին ամիսներին անդադար աշխատել է՝ պատրաստվելով կայանալիք առաջնությանը։
«Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ լավագույն մարզավիճակին հասնելու համար: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով»,- Facebook-ում գրել է նա:
Հայ մարզիկը կոչ է արել դիմել ՊՆ-ին՝ որոշման պատճառն իմանալու համար։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն Armenia Today-ին չմեկնաբանեց հայ որոշ ըմբիշների՝ առաջնությանը չմասնակցելը և կոչ արեց հուզող հարցերը հնչեցնել նոյեմբերի 19-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը ևս նշել է, որ իրենց հստակ բացատրություններ չեն տրվել։
«Մեր թիմը պատրաստ էր մասնակցել Երևանում կայանալիք Բանակայինների աշխարհի առաջնությանը։ Սակայն անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից»,- Instagram-ում գրել է Ամոյանը։
Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ դրոշն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր պահած, հայրենիք մեդալներով վերադարձած 10 մարզիկ համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը՝ պարտադիր ժամկետային ծառայության անցնելով մարզական վաշտում։ Նշվում էր, որ նրանք կմասնակցեն ՀՀ-ում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Բանակ զորակոչված մարզիկների թվում են աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանը։
Օգոստոսի 29-ին ԿԳՄՍ-ն հայտնել էր, որ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը նոյեմբերի 20-22-ը կանցկացվի Հայաստանում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ: