Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ուժեղագույն ըմբիշների՝ ԶՈւ ԱԱ-ին չմասնակցելու տեղեկությունը։ Ֆեդերացիայում նշել են, որ որևէ առնչություն չունեն կազմի ընտրությանը, և ստեղծված իրավիճակն անհասկանալի է նաև իրենց համար:
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերն ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո։ Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ, մեզ համար ևս մնում է անհասկանալի, քանի որ այդ որոշման հիմքերը չեն ներկայացվել ՀԸՖ-ին»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիայի ղեկավարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանը, նույնպիսի նվիրումով են պայքարում հանուն երկրի պատվի ու եռագույնի, միևնույն ժամանակ՝ լինելով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, «պարտավոր են ենթարկվել իրենց սպայական կազմի որոշումներին և ցուցումներին»։
Ֆեդերացիան ափսոսանք է հայտնել, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել մրցաշարում, սակայն ակնկալում է, որ բոլոր ըմբիշները, անկախ իրենց փորձառությունից կամ անցած ճանապարհից, արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը:
«Նրանք դուրս կգան մրցահարթակ ոչ միայն իրենց, այլև Հայաստանի պատիվը բարձր պահելու համար՝ մարզիչների անմիջական աջակցությամբ»,- ընդգծել է ֆեդերացիան։
Գերատեսչությունը կոչ է արել զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել հայ մարզիկներին և մարզիչներին, ովքեր մասնակցելու են առաջնությանը։
«Ինչ վերաբերում է մեր մարզիչներին, ապա նրանց դերը մեր մարզիկների կյանքի և կարիերայի մեջ անգնահատելի է։ Նրանք ծնողի պես տարիներ շարունակ նվիրումով կրթել ու աջակցել են իրենց սաներին՝ դարձնելով նրանց այնպիսի մարզիկներ, որոնք պատվով ներկայացնում են մեր երկիրը։ Այս պատասխանատու պահին մարզիչները չեն կարող միայնակ թողնել իրենց սաներին՝ անկախ ստեղծված իրավիճակից: Նրանք մշտապես կան ու կլինեն իրենց կողքին՝ որպես ոգեշնչման, ուղեցույցի և աջակցության անփոխարինելի աղբյուր»,- ասված է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 18-24-ը Հայաստանում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնությունը։ Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքում հայտարարել էր մարզիկներին մրցապայքարից հեռացնելու մասին։
Օգոստոսի վերջին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տասը հայ ըմբիշներ, այդ թվում՝ Փարիզի օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, սկսել են պարտադիր զինվորական ծառայության անցնել, իսկ նոյեմբերին նրանք պետք է մասնակցեն մրցաշարին։
Նոր համալրվածների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։