Հայաստանի ներկայացուցիչներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը, Սարգիս Բեգոյանը և Անդրանիկ Ավետիսյանը դուրս են եկել Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Բեգոյանը (57 կգ) 6:4 հաշվով հաղթել է ռուս մարզիկին, Ավետիսյանը (65 կգ) ժամանակից շուտ 11:0 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Աղաջանյանը (60 կգ) ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, իսկ Տերտերյանը (67 կգ) 9:1 հաշվով հաղթել է ռուս մրցակցին։
Հայաստանը ներկայացնող Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) կիսաեզրափակչում զիջել են իրենց մրցակիցներին: Նրանք կպայքարեն բրոնզե մեդալի համար, հավելել է ֆեդերացիան։
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ եզրափակչում Էլեն Բաբաջանյանը (53 կգ) կպայքարի արծաթե մեդալի համար։
Առաջնությունը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 18-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 24-ը։
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքում հայտարարել էր մարզիկներին մրցապայքարից հեռացնելու մասին։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ որևէ առնչություն չունեն կազմի ընտրության հետ և ստեղծված իրավիճակն անհասկանալի է նաև իրենց համար:
Օգոստոսի վերջին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տասը հայ ըմբիշներ, այդ թվում՝ Փարիզի օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, սկսել են պարտադիր զինվորական ծառայության անցնել, իսկ նոյեմբերին նրանք պետք է մասնակցեն մրցաշարին։
ՀՀ ԶՈւ-ին համալրված զինծառայողների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։