Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հաղթել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին և դարձել հունահռոմեական ոճի զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
3-3 հաշվով ավարտված մրցապայքարում հաղթանակը շնորհվել է Աղաջանյանին՝ հյուսիսկորեացու խախտման պատճառով։
Հրաչյա Պողոսյանը (63 կգ) ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է կոլումբիացի մրցակցին և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր։
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի ներկայացուցիչ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթել էր մոնղոլ մարզուհուն և նվաճել արծաթե մեդալ։
Այսօր ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հայ ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը, Սարգիս Բեգոյանը և Անդրանիկ Ավետիսյանը դուրս են եկել Երևանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ։ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) կիսաեզրափակչում զիջել էին իրենց մրցակիցներին և կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 24-ը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու առաջնությանը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի առաջնությանը և ստեղծված իրավիճակն անհասկանալի է ֆեդերացիայի համար:
ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել էր, որ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
ՀՀ ԶՈւ-ին համալրված զինծառայողների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։