ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճել է Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
92 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Մկրտչյանը 5։5 հաշվով հաղթել է Հնդկաստանի մասնակցին։
Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Կարեն Խաչատրյանը (87 կգ)։
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԶՈւ հավաքականի ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել։
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԶՈւ հավաքականի ազատ ոճի ըմբիշ, ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) ոսկե մեդալ էր նվաճել՝ դառնալով առաջնության չեմպիոն։ Առաջնության չեմպիոններ էին հռչակվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ)։
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ հավաքականի մարզիկ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը նվաճել էր արծաթե մեդալ։ Արծաթե մեդալներ էին նվաճել նաև ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանը (60 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Տիգրան Մինասյանը (55 կգ)։ Բրոնզե մեդալակիրներ էին դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ)։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու առաջնությանը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի առաջնությանը և ստեղծված իրավիճակն անհասկանալի է ֆեդերացիայի համար:
ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել էր, որ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
ՀՀ ԶՈւ-ին համալրված զինծառայողների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։