Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:
Ֆեդերացիան հիշեցրել է, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել էր 100-ամյակի լավագույն թիմ:
Հունիսի 1-14-ը Հնդկաստանում անցկացված շախմատի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել էին փոխչեմպիոններ:
Հունիսի 20-28-ը Հունաստանում անցկացված շախմատի մինչև 18 տարեկան պատանիների Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել էր փոխչեմպիոն:
Հուլիսի 19-28-ը Հայաստանում անցկացված Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը բրոնզե մեդալ էր նվաճել։
Օգոստոսի 17-18-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել էր մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:
Օգոստոսի 19-20-ը Չեխիայում անցկացված պատանիների կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Սոնա Կրկյաշարյանը չեմպիոն էր հռչակվել մինչև 14 տարեկան աղջիկների պայքարում, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների շրջանում:
Օգոստոսի 22-31-ը Չեխիայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձել էր մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը՝ մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ վարպետի թեկնածու Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Սեպտեմբերի 10-23-ը Հունգարիայում անցկացված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել էր 2-6-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 3-6-րդ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Աննա Սարգսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա բրոնզե մեդալներ էին նվաճել։
Նոյեմբերի 7-20-ը Մոնտենեգրոյում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել էր աշխարհի գավաթի ուղեգիր: