Հայաստանը ներկայացնող և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում 43-րդ տեղն զբաղեցնող Էլինա Ավանեսյանը Բրիսբենում (Ավստրալիա) ընթացող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսային, տեղեկացնում է Championat.com-ը։
Հանդիպումը տևել է 2 ժամ, 2 րոպե և ավարտվել է 6:3, 1:6, 6:2 հաշվով՝ հօգուտ Ավանեսյանի։
Հայ թենիսիստուհին երրորդ շրջանում ռակետը կխաչաձևի ռուս Եկատերինա Ալեքսանդրովայի և համաշխարհային դասակարգման 42-րդ տեղն զբաղեցնող թունիսցի Օնս Ջաբեուրի մրցամարտի հաղթողի հետ։
WTA 500 մրցաշարը Բրիսբենում կանցկացվի դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 520 600 դոլար:
Սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
Օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։