«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերն է Անտոն Ֆարբերը, հայտնել է ակումբի ղեկավարությունը։
Ակումբից տեղեկացրել են, որ Ֆարբերն Իսպանիայի քաղաքացի է, երկար տարիների փորձ ունի որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։
«Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է: Ֆարբերն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի»,- ընդգծել են ակումբում։
Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ակումբի նախկին սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմանյանին՝ ավեի քան 30 տարի ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար։
«Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում»,- ասված է հրապարակման մեջ։
Սողոմոնյանը սեպտեմբերին հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին։ Նա, մասնավորապես, շեշտել էր, որ «հոգնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հալածանքից»։
Սողոմոնյանը 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Armenia Today-ին մեկնաբանել էր ակումբի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները ու հերքել դրանք։