«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր կարող են խաղալ «Պոնֆերադինայի» դեմ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում, հայտնում է Sport24.ru-ն։
Հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։ Վնասվածքի պատճառով 21-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշարի մի մասը և առաջին անգամ է ընդգրկվում հանդիպման հայտացուցակում։
Հուլիսի 17-ին մարզման ժամանակ Զախարյանը ջլի վնասվածք էր ստացել, որը հետագայում վիրահատություն էր պահանջել։ Դեկտեմբերի 11-ին կիսապաշտպանը վերսկսել էր մարզումները թիմի կազմում։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին «Դինամոյից»՝ 13 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt ինտերնետ պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։