Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամուսնալուծության գործընթացին ծանոթ աղբյուրին։ Նրա խոսքով՝ ռեփերը Քարդաշյանին որպես ալիմենտ կվճարի ամսական 200 000 դոլար։
Ծնողները կիսելու են չորս երեխայի խնամակալությունը, նրանք հավասարապես կվճարեն երեխաների անվտանգության և կրթության համար։ Բացի այդ, Քանյեն Քիմին կվաճառի 4,5 միլիոն դոլար արժողությամբ տունը, որը նա գնել էր Քարդաշյանի տան կողքին՝ երեխաներին ավելի մոտ լինելու համար։
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը համարվում էին շոու բիզնեսի ամենահարուստ զույգերից մեկը։ Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվել էր շուրջ 2 մլրդ դոլար։ Նշվում է, որ հարաբերությունների խզման նախաձեռնողը Քարդաշյանն է եղել։ 2021 թվականին նա ամուսնալուծության հայց էր ներկայացրել՝ պատճառաբանելով ամուսնու հետ տարաձայնությունները: