Սալվադորում կայացել է «Միսս տիեզերք» 72-րդ միջազգային մրցույթի եզրափակիչը, ժյուրին պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչել Նիկարագուայի մասնակցին՝ 23-ամյա Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոյին, հայտնում է Insider.com-ը։
Շեյնիսը տեսալսողական բովանդակության պրոդյուսեր է։ Նա սովորել է Կենտրոնական Ամերիկայի համալսարանի զանգվածային հաղորդակցության բաժնում։ Ուսման ընթացքում եղել է համալսարանական վոլեյբոլի թիմի կազմում։
2016 թվականից աղջիկը մասնակցում է գեղեցկության մրցույթների։ Երկու տարի առաջ նա մասնակցել է «Միսս աշխարհ» մրցույթին, բայց եզրափակիչ փուլ չի անցել։
Եզրափակիչ փուլի ընթացքում երեք լավագույն մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Եթե դուք կարողանայիք մեկ տարի այլ կնոջ կյանքով ապրել, ո՞ւմ կընտրեիք և ինչո՞ւ»։ Պալասիոսն ընտրել է կանանց իրավունքների պաշտպան Մարի Վոլսթոնքրաֆթին։