Պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը, եթե պետք լինի՝ ամենակոշտ միջոցներով։ Ի աջակցություն Արցախի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արցախում կառավարումը խաթարվել է, իսկ իշխանության՝ մասնավորապես՝ նախագահի նկատմամբ վստահության մակարդակը պատմական նվազագույնի էր հասել։ Անկառավարելի իրավիճակն Արցախը քաոսի տանելու սպառնալիք է ստեղծել»,-ասել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ անկախ հնչած կարծիքներից, Արցախի ներկայիս պետնախարար Սամվել Շահրամանյանը, որի թեկնածությունն առաջադրվելու է նախագահի պաշտոնում, այն քչերից է, որը երբեք պաշտոնի համար կռիվ չի տվել։
Աբրահամյանի խոսքով՝ նա պետական և ուժային համակարգերում մեծ փորձ, պետականամետ ու ազգային վարքագիծ ունի։ Նա նշել է, որ Շահրամանյանի թեկնածության շուրջ այս առումով կոնսենսուս է ձևավորվել։ Աբրահամյանը միևնույն ժամանակ չի բացառել, որ այլ թեկնածուներ ևս կարող են առաջադրվել։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։