«Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվել է տիեզերք, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ նշելով, որ Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություն է:
«Կարևորելով տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը՝ 2020թ. մարտի 6-ին ընդունվեց Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը՝ կարգավորելու ՀՀ տիեզերական գործունեության ոլորտը: Օրենքը սահմանում է տիեզերական գործունեության շրջանակը, հիմնական սկզբունքները և հարկային արտոնություններ է տրամադրվում տիեզերական ընկերությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տիեզերական գործունեությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեություն է, որը տրամադրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
«2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան: 2023թ. սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացավ նաև առաջին մասնավոր ընկերությունը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարության փոխանցմամբ՝ դեռ 2022թ. մայիսի 25-ին Հայաստանն արձակել էր իր առաջին Armsat-1-ը Երկրի հեռակա դիտարկման արբանյակը և սկսել երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։
«Այսօր էլ արդեն տիեզերք է արձակվել «Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակը: «Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ Հայաստանում զարգացնելու տիեզերական գործունեությունը, տիեզերական սարքաշինությունը։ Սա նաև միջազգային համագործակցությունների, հայկական ինժեներական տաղանդի կարևոր փորձարկում է: Հատկանշական է, որ կարևորագույն այս իրադարձությունն իրականություն է դառնում մասնավոր ընկերության՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքի շնորհիվ»,- ասված է հաղորդագրության մեջ։