Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը ռասիզմ է բնորոշել` հարցը բարձրացնելով Միլլի Մեջլիսում: Այս մասին փոխանցում է Tele1.com-ը։
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն այցելել էր Լիբանան, որտեղ հայտարարել է.
«Լիբանանի այն բնակիչներին, որոնք ասում են՝ ես թուրք եմ, թուրքմեն եմ, Թուրքիայի քաղաքացիություն կտրամադրվի: Սա մեր հանրապետության նախագահի հրամանն է»:
«Լիբանանում ապրում են բազմաթիվ ազգեր, որոնք ապրում են նաև Թուրքիայում: Այս ռասիստական արտահայտությունը մեծ հանրային արձագանք է ստացել»,- ասել է Փայլանը` երկու հարց ուղղելով Թուրքիայի արտգործնախարարին.
«Չե՞ք ամաչում բազմազգ Բեյրութում ռասիզմ դրսևորելու համար: Արդյոք Թուրքիան միայն թո՞ւրք ազնվականության հանրապետություն է»,-հարցրել է հայազգի պատգամավորը:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: